միության մասին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միությունը Հանրապետության միակ հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է կինոյի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների գործիչներին: Դա կինոբեմադրիչներն են, կինոօպերատորները, կինոդրամատուրգները, կոմպոզիտորները, նկարիչները, դերասանները, կինոգետները, կինոարտադրության կազմակերպիչները (մենեջերներ և պրոդյուսերներ):

Կինեմատոգրաֆիստների Միությունը պատասխանատու է բարոյական և ստեղծագործական բարենպաստ մթնոլորտ պահպանելու համար, որը կարող է նպաստել բարձրարժեք գեղարվեստական երկերի ստեղծմանը: Կինեմատոգրաֆիստների Միությունը հաճախ հանդես է եկել հետաքրքիր հայտերի նախաձեռնմամբ, օգնել է երիտասարդներին թարմ գեղարվեստական գաղափարների իրագործմանը: Կինեմատոգրաֆիստների Միությունը ներկայացնում է պետական վերադաս մարմիններին թեկնածություններ պետական մրցանակներ և պարգևներ շնորհելու համար: Կինեմատոգրաֆիստների Միությունը մասնակցում է միջազգային կինոփառատոներում, իր հերթին կազմակերպում է Հայաստանում տարբեր տեսակի կինոմիջոցառումներ, այդ թվում տարբեր երկրների կինոյի Օրեր: Երկրորդ տարին է արդեն Երևանում անցկացվում է ՙԵս եմ՚ Միջազգային երիտասարդական կինոփառատոնը - արդյունքները գոհացուցիչ են: Կինեմատոգրաֆիստների Միության գործունեության այլ ձևերն են կոնֆերանսներ ստեղծագործական հարցերի շուրջ, ֆիլմերի քննարկումներ, պարբերաբար կազմակերպվող ՙԿլոր սեղաններ՚, նոր հայկական ֆիլմերի շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ արտասահմանյան կինովարպետների հետ: Միջոցառումները հիմնականում տեղի են ունենում հանրապետական Կինոյի տանը, որի շենքը կինեմատոգրաֆիստների Միության սեփականությունն է:
Իր գործունեությամբ կինեմատոգրաֆիստների Միությունը ղեկավարվում է Կանոնադրությամբ և Հիմնադրույթներով, որոնք հաստատվել են Համագումարում և գրանցված են Հայաստանի Հանրապետության արդարադատության Նախարարության կողմից:

2005թ. մայիսի 30-ի տվյալներով Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միության կազմում են 165 անդամ:

1957 թվականին հիմնվեց Կազմկոմիտե, որի հանձնարարականն էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միության ստեղծումը: Կազմկոմիտեն ղեկավարեց հայտնի կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը, որը հետագայում առաջին համագումարին ընտրվեց կինեմատոգրաֆիստների Միության Վարչության առաջին քարտուղար: Տարբեր տարիների կինեմատոգրաֆիստների Միությունը ղեկավարել են կինոռեժիսորներ Ֆ.Դովլաթյանը, Լ.Վաղարշյանը, կինոգետ Կ.Քալանթարը, կինոօպերատոր Ս.Իսրայելյանը:

90-ական թվականներին Կանոնադրությունում մտցված փոփոխության համաձայն կինեմատոգրաֆիստների Միության ղեկավար պաշտոնը զբաղեցնում է կինեմատոգրաֆիստների Միության նախագահը, որը ընտրվում է Համագումարում: Համագումարներում հաշվետվություն են ներկայացնում Նախագահը, Վարչությունը, Վերստուգիչ հանձնաժողովը, ընտրվում է ղեկավար մարմինների նոր կազմ: Մինչև Խորհրդային Միության փլուզումը (1992թ.) Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միությունը մտնում էր Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների Միության կազմի մեջ: Որպես նյութական բազա կինոմիությունների գոյության և գործունեության համար ծառայում էր ՙԿինոցենտր՚ ստեղծագործա-արտադրական միավորումը, այդ թվում և Երևանում գոյություն ունեցող ՙԷկրան՚ միավորումը: Ստանալով ինքնուրույնություն, Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միությանը տրամադրվեց իր փայ մասնաբաժինը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միությունը նաև մտնում է Կինոմիությունների միջազգային Կոնֆեդերացիայի կազմի մեջ:

Կինեմատոգրաֆիստների Միությունը կոչված է նպաստել հայ կինոյի զարգացմանը, կինոգործիչների մասնակցությանը հանրապետական, հասարակական և մշակութային կյանքին, երիտասարդ ստեղծագործական կադրերի պատրաստմանը, նյութական և ստեղծագործական աջակցություն է ցուցաբերում կինոգործիչներին: 2003թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միության նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Ռուբեն Կևորկովը (Գևորգյանց):